«Սա ի՞նչ կրակ էր, որ թափվեց մեր ազգի գլխին, որ կատարվեց իմ ընտանիքի հետ»….
Աքսանա Գրիգորյանն Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի ղեկավարի կինն է։ MediaHub-ի հետ զրույցում կինը պատմում է, որ սեպտեմբերի 19-ին դեռ վաղ առավոտից լսել է պայթյունի 2 ձայն, չի իմացել, որ պատերազմի «նախերգանքն» է։ Մտածել է ականապատ տարածքում կամ անասուններն են պայթել, կամ սակրավորներն են աշխատում։
Սառնաղբյուրը Ակնայի (Աղդամ) հետ սահմանին է, ուղիղ գծով 500 մետր հեռավորության վրա տեսանելի են եղել և՛ թշնամական դիրքերը, և՛ շարժը։ Ամուսինը՝ համայնքի ղեկավար Գարիկ Ալեքսանյանը, զանգել է Ասկերանի վարչակազմ, ասել, որ կրակում են, բայց ասել են՝ «խուճապի մի մատնվեք»։
«Կեսօրին, երբ սկսվեց ռազմական գործողությունները, բոլորս տանն էինք։ Առաջին հրթիռն ուղիղ անցել է մեր տան գլխով։ Քանի որ գյուղի վերևի մասում էր տեղակայված դիրքերը, չթիրախավորվելու համար ամուսինս ասաց, որ ձորով անցնենք գնանք դեպի անտառ, գոնե ծառերի տակ կպատսպարվենք։ Վստահ էինք, որ ուղղակի դիրքերի վրա են կրակում, այլ ոչ մեզ։ Այդ օրը հակառակի պես գյուղում տղամարդիկ քիչ են եղել, իսկ նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել, անմիջապես դուրս են եկել»,- պատմում է Աքսանան։
«Ո՛չ ռուսները օգնության հասան, ո՛չ կապ կարողացանք հաստատել որևէ մեկի հետ»: Աքսանան հիշում է, թե ինչպես էին ծեր ու մանուկ վազում դեպի փրկության ձորը, քանի որ գյուղում ապաստարան չկար՝ հակառակ պետության խոստումների։
Հետո ադրբեջանական դիրքերից սկսում են հրետակոծել գյուղը, թիրախում՝ քաղաքացիական բնակչությունն էր։ Աքսանան հորդորում էր բոլոր երեխաներին պառկել՝ գոնե արկերի բեկորներից փրկվելու համար, իսկ Գարիկը շարունակում էր տներում մնացած քաղաքացիներին բերել անտառային հատված և տարհանման պլան մշակել։
Այդ ընթացքում տեղի է ունենում Աքսանայի կյանքի ամենասարսափելի հարվածը. «Օդային հարվածով կրակեցին մեր ուղղությամբ, շրջվեցի ու տեսա երեխաս՝ 15-ամյա Դավիթը, մայրս և ամուսնուս հայրը բազմաթիվ վնասվածքներով, անգիտակից վիճակում պառկած։ Ու նաև երեխաներ են վիրավորվել… ո՛չ ամուսինս էր մոտս, ո՛չ մեքենա կար գոնե մինչև խաղաղապահների մոտ վիրավորներին հասցնելու համար։ Երբ ամուսինս եկավ ու տեսավ իրավիճակը, ռացիայով հաղորդեց, որ «գոնե շտապ օգնության մեքենա ուղարկեք»։ Ասկերանից օգնություն այդպես էլ չհասավ, իսկ ռուսները հետո ասացին «հրաման չենք ունեցել»»:
Գարիկը, տեսնելով, որ օգնության հասնող չկա, քանի դեռ Դավիթը շնչում էր, կնոջ հորդորով գնացել էր մեքենա բերելու, չնայած մեքենայի բոլոր ճանապարհները դիտարկվում էր։ Այդ ընթացքում ադրբեջանցիները 2-րդ և 3-րդ հարվածն են հասցնում խաղաղ բնակիչներին։ Վիրավորվում է և Աքսանան, բայց նա իր մասին մտածելու փոխարեն, փորձում էր փրկել որդու, մոր, սկեսրայրի ու վիրավորում ստացած մյուս անչափահասների կյանքը։
«Ամեն տեղիցս արյուն էր հոսում, ոտքս տաքանում էր, բայց իմ մասին րոպե անգամ չեմ մտածել։ Գրկել եմ աղջկաս, գլուխը թաքցրել, որ բեկոր չկպնի։ Ասել եմ՝ 8Դիանա՛, բալես, խնդրում եմ, եթե ես արնաքամ լինեմ, չդիմանամ, կվազես պապային ընդառաջ, գոնե քեզ փրկի։ Գարիկը եկավ, մենք փորձում էինք մեքենայի մեջ տեղավորել վիրավորներին։ Այդ ընթացքում գյուղի վերևի թաղամասից 2 մեքենա է մոտեցել, ոչ ոք չի կանգնել, չեն օգնել»,- հիշում է կինը։
Տեղում մահանում են Գարիկի հայրը՝ Ալեքսանդր Ալեքսանյանը, Աքսանայի մայրը՝ Գոհար Գրիգորյանը և համագյուղացի 2 երեխաներ՝ Նվեր ու Միքայել Պողոսյանները։ Գարիկի մեքենայի մեջ տեղավորվել են 17 hոգի, մեծ մասը վիրավոր, ու շարժվել են դեպի Ասկերան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում