Մյունխենի Տեխնիկական համալսարանի մասնագետները գտել են, որ Երկիր մոլորակի պտույտը դանդաղելու միտում ունի։ Դրա պատճառով հնարավոր է, որ երկրային օրվա տեւողությունը, որն այժմ 24 ժամ է, երկարի եւ դառնա 25 ժամ։ Ըստ հաշվարկների, մոտ 200 միլիոն տարի հետո երկրային մեկ օրվա տեւողությունը կկազմի 25 ժամ։ Մյունխենի Տեխնիկական համալսարանի գիտնականները նշում են, գործընթացը ներկայումս էլ շարունակվում է եւ, օրինակ 200 միլիոն տարի առաջ երկրային մեկ օրվա տեւողությունը 23 ժամ է եղել։ Այդ ժամանակ մեր մոլորակի վրա բնակվել են դինոզավրերը։
Գիտնականները նշել են, որ, օրինակ, 1,4 միլիարդ տարի առաջ երկրային մեկ օրվա տեւողությունը եղել է 18 ժամ 41 րոպե։ Չափումներն իրականացվում են շրջանաձեւ լազերի օգնությամբ, որը տեղադրված է հատուկ հերմետիկ տարածքում՝ հողի տակ՝ 6 մետր խորության վրա։ Այդ պայմաններում արտաքին գործոնների ազդեցությունը հասցված է նվազագույնի։ Մասնագետները նշում են, որ եղանակային պայմանների, կլիմայի փոփոխություններն էլ մասնակիորեն կապված են այդ ցուցանիշի հետ։