Եթե ձեր օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակ կա, կարող են որոշակի առողջական խնդիրներ առաջանալ։ Սննդաբան Իրինա Մերկուլովան Lenta.ru-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչպես կարելի է այն նվազեցնել։
Բժիշկը հավելել է, որ առողջական խնդիրներ կարող են առաջանալ արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման, արյան անոթների կամ լեղապարկի մեջ կուտակման պատճառով:
Մերկուլովան բացատրել է, որ այս դեպքում խոլեստերինի քայքայման ու հեռացման մեխանիզմները խաթարվում են։ Խոլեստերինը, ըստ բժշկի, կարող է ավելանալ հորմոնալ անբավարարության, ինչպես նաև վիտամին D-ի, լեղաքարային խնդիրների, հիպոթիրեոզի և ծերության ժամանակ:
Արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար դիետոլոգը խորհուրդ է տալիս փոխել ուտելու սովորությունները, մասնավորապես՝ նվազեցնել կենդանական ճարպի, ձվի և կարագի օգտագործումը։ Պետք է սահմանափակել նաև շաքարավազի, երշիկեղենի օգտագործումը, նշել է Մերկուլովան։
«Ճարպային մթերքները սննդակարգից ամբողջությամբ բացառելը նույնպես սխալ մարտավարություն է, եթե դուք շատ քիչ խոլեստերին եք ուտում, լյարդը կսկսի ավելի շատ սինթեզել այն, և խոլեստերինի մակարդակը միայն կբարձրանա», – եզրափակել է մասնագետը։
Սննդաբանը հավելել է, որ սննդի մեջ ավելի շատ բանջարեղեն և բջջանյութ ավելացնելը կօգնի հեռացնել խոլեստերինը, ինչպես նաև հիշեցրել է ֆիզիկական ակտիվության կարևորությունը։