Ինչու՞ են ցավում մեր կրունկները, ի՞նչ հիվանդության նշան է և ինչպե՞ս ազատվել այդ խնդրից

Միացրեք մեզ Telegram-ում

Կրունկի ցավը տարածված խնդիր է, որը կարող է առաջանալ հետևյալ վիճակների և հիվանդությունների պատճառով՝

պլանտար ֆասցիտ,

աքիլեսյան ջլի տենդինիտ,

ոսկրային խիթեր (շպորներ),

Սեվերի հիվանդություն (գերազանցապես 8-14 տ․ երեխաների մոտ),

բուրսիտ (բարձիկաբորբ), կոտրվածքներ, ջլի բորբոքում և այլն։

Կրունկի ցավը, մասնավորապես, կարող է առաջանալ կրունկի տակ, կրունկի ետնամասում և կրունկի ներսում։

Կրունկի ետնամասում ցավի առաջացման պատճառ կարող են դառնալ հետևյալ վիճակները՝

Աքիլեսյան տենդիլիտ․ Աքիլեսյան ջիլը պինդ և հաստ հյուսվածքային շերտ է, որը սրունքի ձկնամկանը կապում է կրունկոսկրին: Այն օրգանիզմի ամենաերկար և ուժեղ ջիլն է, որի գերլարումը կարող է հանգեցնել տենդինիտի զարգացման․ ահա թե ինչու այս խնդիրը հաճախ է զարգանում վազորդների, բասկետբոլիստների շրջանում։ Գերլարումը կարող է հանգեցնել ջլի բորբոքման՝ առաջացնելով ցավ, այտուց և այդ հատվածի շարժումների կաշկանդվածություն։

Բուրսիտ․ բուրսիտը հոդերի ձուսպապարկերի բորբոքումն է, որը կարող է կրունկի ետնամասում առաջացնել մաշկի կարմրություն, այտուց, ցավային զգացողություններ։ Հագլունդի դեֆորմացիա․ քրոնիկ բորբոքումն ու կրունկի հատվածում երկարատև շփումը, գրգռումը կարող են հանգեցնել կրունկի ետնամասում ոսկրային ելուստի ձևավորման։ Բարձրակրունկ կոշիկները կարող են նպաստել խնդրի զարգացմանը։

Սեվերի հիվանդություն․ Սեվերի հիվանդությունը (կրնկոսկրի ապոֆիզիտ) 8-14 տարեկան երեխաների շրջանում կրունկի ցավերի առաջացման տարածված պատճառներից մեկն է։ Ակտիվ, սպորտով զբաղվող երեխաներն ավելի հակված են այդ խնդրին, որն առաջանում է երեխաների ակտիվ աճի ժամանակ։

Ո՞ր խնդիրներն են առաջացնում ցավ կրունկի տակ

Կրունկի վնասվածք կամ կոտրվածքներ

Պլանտար ֆասցիտ․ պլանտար ֆասցիտն առաջանում է կրունկոսկրը ոտքի մատների հետ կապող ամուր հյուսվածքի` փակեղի (ֆասցիա) բորբոքման կամ ոսկրի կառուցվածքային փոփոխությունների պատճառով։

Կրունկի խիթեր․ գարշապարի քրոնիկ ֆասցիտը կարող է հանգեցնել կրնկոսկրի վրա խիթերի զարգացման, որոնք, սովորաբար, անցավ են, բայց կարող են նաև ցավեր առաջացնել։

Կրունկի ցավը ոչ միայն կարող է խանգարել առօրյա կենսագործունեությանը, քայլելուն, աշխատելուն, մարզվելուն, այլև չբուժելու դեպքում բարդությունների հանգեցնել, օրինակ՝ աքիլեսյան տենդինիտը չբուժելը կարող է բերել ջլի պատռվածքի՝ առաջացնելով վիրահատական միջամտության անհրաժեշտություն։ Կրունկի հետ կապված խնդիրներն ախտորոշվում են բժշկական զննության, ռենտգեն հետազոտության միջոցով, երբեմն կարող է ՈւՁՀ կամ ՄՌՏ հետազոտության կարիք առաջանալ՝ փափուկ հյուսվածքների խնդիրները հայտնաբերելու համար։

Ինչպե՞ս է բուժվում կրունկի ցավը

Կրունկի ցավ առաջացնող խնդիրների մեծ մասը բուժվում են ոչ վիրահատական եղանակով, սակայն օրգանիզմին վերականգնվելու համար ժամանակ է հարկավոր։ Թերապիան ուղղված է ցավի թեթևացմանն ու բորբոքման նվազեցմանը, ոտնաթաթի ճկունության բարելավմանն ու կրունկի վրա ծանրաբեռնվածության նվազեցմանը։

Բուժման մեթոդներից են՝

Ներարկումներ․ ստերոիդների ներարկումները կարող են թեթևացնել ցավն ու բորբոքումը․ դրանք կարող են օգտակար լինել բուրսիտի, պլանտար ֆասցիտի դեպքում։

Օրթոպեդիկ սարքավորումներ․ պատվերով պատրաստվող կամ վաճառվող օրթոպեդիկ ներդիրները կարող են նվազեցնել կրունկի վրա ճնշումը։ Որոշ մարդկանց օգնում են հատուկ բեկակալները (շինա), որոնք գիշերը կրելու դեպքում հնարավորություն են տալիս խուսափել առավոտյան ցավերից։ Ավելի բարդ դեպքերում կարող է օրթոպեդիկ կոշիկներ կրելու անհրաժեշտություն առաջանալ։

Ցավազրկողներ․ ցավի և այտուցի թեթևացման համար կարող են նշանակվել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ։

Ֆիզիոթերապիա․ ֆիզիոթերապիան, մերսումը և ուլտրաձայնային թերապիան նպաստում են փափուկ հյուսվածքների խնդիրների կարգավորմանը, թեթևացնում են ցավն ու բորբոքումը։

Ձգող վարժություններ․ բուժող բժիշկը խորհուրդ է տալիս վարժությունների տեսակներ, որոնք նպատակահարմար են ջլերի ու մկանների լարվածությունը թուլացնելու համար։

Տեյպավորում․ բժշկական կամ սպորտային ժապավենն օգտագործվում է ոտնաթաթի կամարը ճիշտ դիրքում պահելու համար։ Հազվադեպ իրականացվում է վիրահատական միջամտություն։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող հիմք ծառայել ախտորոշման համար։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog