Լանքաստերի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկի՝ կրծքագեղձի ուռուցքների առաջացման պատճառներից են բորբոքում առաջացնող բակտերիաները: Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս ամեն օր մածուն օգտագործել՝ որպես հիվանդության կանխարգելման դյուրին միջոց: Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Մածունը պարունակում է կաթնաշաքարը ֆերմենտացնող օգտակար բակտերիաներ, որոնք սովորաբար լինում են կաթի մեջ և նման են կանանց կաթնագեղձերում կրծքով կերակրելու շրջանում կամ դրանից հետո որոշակի ժամանակահատվածում առկա բակտերիաներին կամ միկրոֆլորային: Ենթադրվում է, որ բակտերիաները պաշտպանիչ են, քանի որ կրծքով կերակրումը նվազեցնում է հիվանդության ռիսկը 4.3 տոկոսով:
Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մածուն օգտագործելը կապված է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգի նվազեցման հետ: Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ վնասակար միկրոօրգանիզմները դուրս են մղվում օգտակար բակտերիաների կողմից: Պաթոգեն միկրոֆլորան տոքսիններ է արտազատում, որոնք քրոնիկ բորբոքում են առաջացնում, ինչը չարորակ հիվանդությունների զարգացման պատճառ է դառնում: