Բաքվում մեզ ասում էին, թե «ձեր հայրենիքում ձեզ դավաճան ու դասալիք են անվանում, ընդունեք մեր կրոնը, ստեղ ապրեք»

Միացրեք մեզ Telegram-ում

«Դեռ ժամանակ է պետք ամբողջովին վերականգնվելու համար։ Մինչև հիմա վեր եմ թռնում գիշերը, մտածում, որ դեռ Բաքվի բանտում եմ»,- MediaHub-ին պատմում է 2020 թվականին Արցախի Հադրութի շրջանում գերեվարված Շիրակի մարզի բնակիչը (իր ցանկությամբ անունը չի հրապարակվում)։

39-ամյա տղամարդը 3 տարի շարունակ որպես ռազմագերի պահվել է Բաքվի բանտում։ Թե ինչ ծանր օրեր են քաշել, ասում է, որ երբեք չի մոռանա։

«Դժվար եմ հարմարվել, կարելի է ասել՝ դեռ չեմ հարմարվել։ Երբ գերեվարվել եմ, փոքր երեխաս 6 ամսական է եղել, հիմա արդեն մեծ աղջիկ է։ Ինչքան փորձում էի ջերմություն տալ, չէր ստացվում, իմ կողմ չէր գալիս, վախենում էր, քաշվում էր»,- ասում է նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ հատկապես գերության առաջին ամիսներին շատ դաժան են վարվել հայերի հետ՝ ռեժիմով ծեծել են, օրեր շարունակ ջուր չեն տվել։

«Բայց, երբ Կարմիր խաչի կողմից տեսակցություն էր կազմակերպվում, ամեն ինչ կարգի էին բերում։ Լողանում էինք, սափրվում, ուտելիքը նորմալ էր, պահման պայմանները մաքուր։ Նրանք էլ տեսակցում էին, արձանագրում, որ ամեն ինչ հրաշալի է, բայց իրականում դա հերթական ադրբեջանական թատրոն էր։ Ամիսների ընթացքում հարմարվեցինք և՛ խոշտանգումներին, և՛ արհամարհանքներին»։

Այսպես, մինչև 2023 թվականի դեկտեմբեր 3 տարի շարունակ գերեվարված անձինք, միայն նրա համար, որ հայ են, ենթարկվել են ամենադաժան կտտանքներին։

Ինչո՞ւ են պետք Բաքվում պահվող հայ գերիներն ու պատանդառվածները, եթե հայ-ադրբեջանական կողմերը ձգտում են խաղաղության։ Մեր զրուցակիցը սակայն հակառակն է ասում. Բաքուն խաղաղության չի ձգտում։

«Այնտեղ պահվող հայերը վաղ թե ուշ բաց կթողնվեն։ Խնդիրը նրանում է կայանում, թե ինչի՞ դիմաց կվերադառնան։ Երբ մենք այնտեղ էինք, ադրբեջանցիները մեզ ցույց էին տալիս հեռախոսով թե «ձեր պետությունը թքած ունի ձեր վրա, ձեզ դավաճան ու դասալիք են ասում, եկեք մեր կրոնն ընդունեք ստեղ ապրեք», բայց մենք մեր երկիրը չենք սիրում իշխանության համար»,- ընդգծեց նա։

Շիրակցի տղամարդը 8 ամսում ինտեգրվել է «նոր» միջավայրին։ Բայց դեռ գիշերները երազում հաճախ «է լինում» Բաքվի բանտում, որտեղ 3 տարի խոշտանգման է ենթարկվել։

Հունան Թադևոսյան

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog