Մոծակի տենդով վարակված 41 հոգի հոսպիտալացվել է

Միացրեք մեզ Telegram-ում

ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը հայտնել է, որ Հայաստանում հայտնաբերվել է «Արևմտյան Նեղոսի» տենդով վարակման 58 դեպք, պացիենտներից 41-ը հոսպիտալացված են։ Ըստ նրա՝ արձանագրված դեպքերը եղել են Արագածոտնում։ Առաջին դեպքը հայտնաբերվել է օգոստոսի 7-ին։

«41-ից 4-ի վիճակը ծանր է, մյուսները միջին ծանրության են։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ այս պահին չկա»,- ասել է նա։

Աթոյանը շեշտել է, որ «Արևմտյան Նեղոսի» տենդը փոխանցվող հիվանդություն է, որը տարածվում է մոծակների միջոցով. «Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության համար չկա։ 80% դեպքերում հիվանդությունն ընթանում է անախտանիշ կամ գրեթե անախտանիշ․ մարդը որևէ սուբյեկտիվ զգացողություններ չի ունենում, որ դիմի բուժօգնության»։

Հոսպիտալացված դեպքերն, ըստ Աթոյանի, նյարդային համակարգի ախտահարմամբ են. «41 հոսպիտալացվածի կեսի մոտ արձանագրվել են ուղեղային երևույթներ, մյուսների մոտ՝ հիվանդությանը բնորոշ ընդհանուր տոքսիկացիոն երևույթներ են»։ Նա շեշտել է, որ հիվանդության բուժման համար չկան հատուկ դեղամիջոցներ. «Իրականացվում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի լավացմանը, ինչպես նաև բժշկական հսկողություն»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog