Էլ Պասոյի Տեխասի համալսարանի ամերիկացի գիտնականները սուրճի մրուրում հայտնաբերել են նյութեր, որոնք կարող են հակազդել ուղեղի նեյրոդեգեներատիվ փոփոխություններին, այդ թվում՝ Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությանը: Հետազոտությունը հրապարակվել է Environmental Research (ER) գիտական ամսագրում: Մասնագետները պարզել են, որ կոֆեինաթթուն, որը ստացվում է աղացած սուրճի հատիկներից, կարող է օգտագործվել այսպես կոչված ածխածնային քվանտային կետեր ստեղծելու համար։
«Կոֆեինաթթվի վրա հիմնված ածխածնային քվանտային կետերը կարող են փոխակերպել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժումը: Մեր նպատակն է գտնել բուժում՝ թիրախավորելով ատոմային և մոլեկուլային հիմքերը, որոնք առաջ են բերում այս պայմանները», — ասում է հետազոտության գլխավոր հեղինակ Ջյոթիշ Կումարը:
Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները հիմնականում բնութագրվում են նեյրոնների՝ ուղեղի բջիջների կորստով։ Սա ճնշում է ոչ միայն մարդու ճանաչողական կարողությունները, այլև հիմնական գործառույթները, այդ թվում՝ խոսքը և շարժվելու ունակությունը:Թիմը պարզել է, որ սուրճի ածխածնի քվանտային կետերը պաշտպանում են հյուսվածքը՝ մաքրելով ազատ ռադիկալները կամ կանխելով օքսիդացումը՝ առանց որևէ էական կողմնակի ազդեցությունների: