ՑԱՎԱԼԻ Է. Հայրն է հայտնաբերել որդու դին դիրքում․․․ բեկորային բազմաթիվ վնասվածքներով

Միացրեք մեզ Telegram-ում

Ռոմա Աբրահամյանը Արցախի փրկարար ծառայության աշխատակից է, հրշեջ փրկարար։

Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սկսված պատերազմի ժամանակ, թշնամին թիրախավորել էր նաև քաղաքացիական օբյեկտները։

Հրթիռակոծությունից րոպեներ անց՝ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով, հրշեջ փրկարարները դեպքի վայրում էին։ Ռոմայի որդին՝ Յուրի Աբրահամյանը ժամկետային զինծառայող էր։ Չարեքտարի ուղղությամբ ականանետային դասակի դիրքերում էր։

Ծանր ու դժվար այդ օրերի, ընտանիքի սպասումների ու ապրումների մասին հրշեջ փրկարարը MediaHub-ի հետ զրույցում պատմում է, որ որդու մասին լուր չուներ և ընտանիքը հայտնվել էր շատ դժվար կացության մեջ։ «Բառերով նկարագրելու չէ այդ օրերին զգացածս։ Ես ծառայության մեջ էի ու, բնականաբար, չէի կարող դուրս գալ։ Մի բան անել, եթե նույնիսկ տանը լինեի, միևնույն է, ոչինչ անել հնարավոր չէր։ Անընդհատ սպասում էի, որ կզանգի, մի լուր կստանամ, բայց այդպես 4 օր ոչինչ չիմացա Յուրիի մասին»,- պատմում է հայրը։

Կրակի դադարից հետո, երբ Եվլախի բանակցությունների ժամանակ որոնողական աշխատանքների մասին ձեռք բերվեց պայմանավորվածություն, Ռոման փրկարար ընկերների հետ ևս ընդգրկվեց ԱԻՊԾ-ում ձևավորված խմբերում։

«Մի քանի անգամ ադրբեջանցիները դրժեցին իրենց խոստումը, չստացվեց գնալ։ Մենք այլ ուղղություններով իրականացրինք որոնումները, դուրս բերեցինք դիակներ, մյուս խմբերը նաև ողջ մնացածների հայտնաբերեցին։ Ես անընդհատ սպասում էի հրաշքի, երևի ծնողական ցանկություն էր դա, բայց տեղի ունեցավ անցանկալին»,- ասում է Ռոմա Աբրահամյանը։

Ի վերջո, սեպտեմբերի 27-ին, Ռոման փրկարարական ջոկատի հետ մասնակցեց որոնողական աշխատանքներին՝ Չարեքտարի դիրքերում։ Այդտեղ էլ հայտնաբերեց որդու դիակը՝ բեկորային բազմաթիվ վնասվածքներով.

«Դա անպատմելի հոգեվիճակ է։ Մի րոպեում փոխվեց ամեն ինչ։ Անարդար է, երբ հայրն է որդու դիակը տարհանում։ Դա չեմ ցանկանա ոչ մեկին։ Դասակի հրամանատարը հետո պատմեց, որ դիրքի ամենալավ կռվողներից մեկը Յուրին էր, չի նահանջել և կռվել է մինչև վերջին շունչը։ Մինչև այն պահը, երբ հրետակոծվել է նաև ականանետային դասակի դիրքը»։

Աբրահամյանների ընտանիքը տեղահանվելուց հետո հաստատվել է Վարդենիսում։

Յուրիին հուղարկավորվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, հերոս ընկերների կողքին։ Հայրն ասում է. «Հայաստանի սիրտը Եռաբլուրում է, այնտեղ հաղթած տղերքն են, իսկ մենք չենք ապրում»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog